Հայ-թուրքական հանձնաժողովի համատեղ նիստը տեղի ունեցավ Երևանում

Այսօր Երևանում առաջին անգամ կայացել է Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման հայ-թուրքական հանձնաժողովի համատեղ նիստը։

Ինչպես հաղորդվում է, «Սարդարապատի կարգավորիչի շահագործում» և «Ախուրյանի ջրամբարի շահագործում» անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների միջև հանդիպումը սկսվել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետում, այնուհետև շարունակվել է «Ջրառ» ՓԲԸ վարչական շենքում։

«Ջրառ» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանը հաստատել է, որ նիստի ընթացքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք կազմվել են փոխշահավետ պայմաններով։ Կողմերը հանդիպման արդյունքում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։

Հիշեցնենք, որ 1927 թվականին ԽՍՀՄ-ը և Թուրքիան ստորագրել էին Ախուրյան և Արաքս սահմանային գետերի ջրերի օգտագործման մասին կոնվենցիա։ Ըստ այդ հիշյալ կոնվենցիայի՝ յուրաքանչյուր կողմ իրավունք է ունենում օգտվել այդ գետերի և դրանց վտակների միագումար ջրային հոսքի 50%-ից։ Կոնվենցիայի 5-րդ հոդվածում նշվում է, որ եթե կողմերից մեկը ջրամբարներ է կառուցում այդ գետերի կամ դրանց վտակների վրա, արդյունքում նա չպետք է վերցնի ջրի ընդհանուր հոսքի 50%-ից ավելին։ Այս բաժինը գործում էր նաև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։

Վերջին տարիներին Թուրքիան Ախուրյանի և Արաքսի ավազանում կառուցել է 1,3 մլրդ խմ ընդհանուր ծավալով ջրամբարներ։ Եթե դրան գումարենք Ախուրյանի սահմանային ջրամբարի կեսը, ապա կստացվի մեկուկես միլիարդ խմ, ինչը գերազանցում է կոնվենցիայով սահմանված 50%-ի սահմանը։

Back To Top