ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ չնայած տարածաշրջանի որոշ հատվածներում անվտանգության իրավիճակի վատթարացմանը և մասնակից պետությունների միջև աճող բևեռացմանը, Հարավային Կովկասում նկատվում են զգալի դրական փոփոխություններ։
«Անցյալ տարի այս նույն դահլիճում նստած՝ մենք դժվար թե կարող էինք պատկերացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն այնքան արագ կընթանա», – նշել է Խանդանյանը։ Նրա խոսքով՝ կողմերը հասել են համաձայնության խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ, գտել գործնական լուծումներ նախկինում անլուծելի համարվող հարցերի առնչությամբ և սկսել քննարկել երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերը։
Այս առաջընթացը, ըստ նրա, հնարավոր է դարձել Միացյալ Նահանգների վարչակազմի կառուցողական ներգրավվածության շնորհիվ՝ խաղաղության ջանքերին աջակցելու առումով, ինչպես նաև «ԹՐԻՓՓ» (TRIPPI) նախաձեռնության շրջանակում տարածաշրջանային կապակցվածության և երկարաժամկետ կայունության համապարփակ ծրագրերի առաջմղման շնորհիվ։ «ԹՐԻՓՓ»-ը, ըստ Խանդանյանի, նպատակ ունի մեր տարածաշրջանն Արևելքի և Արևմուտքի միջև հուսալի կամուրջ դարձնել՝ նպաստելով համաշխարհային առևտրին և տարանցիկ հոսքերին։
Խանդանյանը նշել է, որ այս ամենը միայն սկիզբն է։ Նա հավատում է, որ եկել է պահը՝ առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու խաղաղության համաձայնագիրը, ինչը կամրագրի խաղաղությունը և կնպաստի տնտեսական համագործակցության ընդլայմանը՝ ամրապնդելով երկարատև կայունությունը։
Նա նաև ընդգծել է սահմանազատման գործընթացի կարևորությունը, որը, ըստ նրա, վերահաստատում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ կայունության և կողմերի միջև վստահության ամրապնդման գործնական քայլ։
Վերջում Խանդանյանը նշել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը՝ այն դիտարկելով որպես կայուն, փոխկապակցված և բարգավաճ տարածաշրջան կառուցելու անբաժանելի մաս։ Նա հավելել է, որ Հայաստանը ակնկալում է հետագա շոշափելի առաջընթաց այդ ուղղությամբ։