Ապրիլի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցերը։
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստմանը։ Ընդգծվել է շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը, որոնք ուղղված են Հայաստանի քաղաքացիների կյանքի բարելավմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք, ըստ երկու պաշտոնատար անձանց, հանդիսանում են Հայաստան-ԵՄ արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի հիմնարար մաս։ Այս համատեքստում համաձայնություն է ձեռք բերվել ժողովրդավարական գործընթացներին աջակցության նպատակով գործող մեխանիզմների շարունակականության և արդյունավետության ապահովման վերաբերյալ։
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը նաև ընդգծել են տնտեսական, տրանսպորտային փոխկապակցվածության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության խթանման կարևորությունը՝ նպատակ ունենալով կյանքի կոչելու փոխշահավետ ծրագրեր։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև այլ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։