ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությունը

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը։

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ փոխնախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև ձևավորված համագործակցությունը, որը, նրա խոսքով, կարևոր դեր է խաղում ժողովրդավարական կառավարման ամրապնդման և վստահելի ընտրական գործընթացների ապահովման գործում։ Ընդգծվել է ԺՀՄԻԳ-ի մանդատի և մասնագիտական մեթոդաբանության կարևոր դերը ընտրությունների դիտարկման ոլորտում։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ ուղղված ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և այլ համապատասխան միջազգային դիտորդական առաքելություններին՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով։

Ընդգծվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարիքների գնահատման առաքելության աջակցության և մասնագիտական ներգրավվածության կարևորությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Այս համագործակցությունը, ըստ փոխնախարարի, կօգնի ապահովել ընտրական վարչարարության կարիքների գնահատումը, կիբերանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հետ կապված ռիսկերի վերլուծությունը, ինչպես նաև կնպաստի մասնագետների վերապատրաստման և հավաստագրման համակարգերի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։ Բացի այդ, այն կօգնի ապահովել միջազգային ընտրական աջակցության արդյունավետ համակարգումը։

Back To Top