ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Զրույցի կենտրոնում էին աշխատանքային միգրացիայի, մարդկային ներուժի և հմտությունների զարգացման հարցերը, ինչպես նաև վերապատրաստման և զբաղվածության խթանման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Իրանի դեսպանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում աշխատատեղերի թվի աճը զգալիորեն նկատելի է։

Կողմերը կարևորել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Իրանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությունը՝ հավաստիացնելով իրենց պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ջանքերը ներդնելու։

ՀՀ նախարարը նաև ընդգծել է, որ Իրանի հետ բարեկամական և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության հիմնարար առաջնահերթություններից է։

Արսեն Թորոսյանը ցավակցություն է հայտնել Իրանի տարածքում ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտահոգություն է արտահայտել տարածաշրջանում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ խաղաղությունն ու կայունությունը կենսական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի համար։

Իր հերթին Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ ստեղծված իրավիճակում ցուցաբերած աջակցության համար։

Back To Top