ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհետ կորածների և ռազմագերիների հարազատների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպումներ է անցկացրել անհետ կորածների և Բաքվում պահվող ռազմագերիների հարազատների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են անհետ կորածների և ռազմագերիների իրավունքների պաշտպանությանն առնչվող ընթացիկ խնդիրները։ Պաշտպանը վերահաստատել է, որ հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրումն ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իր առաջնահերթություններից է։

«Այս ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքները»,- նշված է հաղորդագրությունում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ այս անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես գտնվեն պետության ուշադրության կենտրոնում և պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն անձանց իրավունքների երաշխավորումն ապահովելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման։

Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերջին տվյալների՝ 2024 թվականի օգոստոսի դրությամբ հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 անձ, որոնցից շուրջ 300-ը անհետ կորած են համարվում 2020 թվականի աշնանից մինչև 2023 թվականի աշուն ընկած ժամանակահատվածում։

Back To Top