ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։

Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանը նշել է, որ դիտորդական առաքելությունը կարևորագույն դեր է խաղացել և շարունակում է ունենալ անգնահատելի ներդրում Հայաստանի Հանրապետության համար։

Զրուցակիցները քննարկել են 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացների վերաբերյալ հանցագործությունների կապակցությամբ Քննչական կոմիտեի կողմից իրականացվող լիազորությունները։

Քննչական կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում իր լիազորությունների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այս խմբի գործառույթն է ընտրական գործընթացին առնչվող հաղորդումների քննարկումը և դրանց հիման վրա սկսված քրեական վարույթների նախաքննության պատշաճ վերահսկողությունը։

Արթուր Պողոսյանը նաև ընդգծել է, որ ընտրական գործընթացի ողջ ընթացքում՝ նախընտրական փուլում, ընտրությունների օրը և դրան հաջորդող օրերին՝ Քննչական կոմիտեն կիրականացնի իր ծառայությունները լիարժեք ռեժիմով՝ ներգրավելով իր ողջ անձնակազմը։

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են տեղեկատվության շարունակական փոխանակման կարևորությունը և հայտնել իրենց պատրաստակամությունը համագործակցության շարունակականությանը։

Back To Top