Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը հանդես է եկել հայտարարությամբ, որով նշում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։
Հունաստանի նախագահի կայքում հրապարակված ուղերձում ընդգծվում է, որ հայ և հույն ժողովուրդները կապված են հավերժական կապերով, որոնք ձևավորվել են ընդհանուր փորձություններով, ինչպես նաև համերաշխության, բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր հարաբերություններով։
«Այսօր՝ մարդկության դեմ ամենասարսափելի ոճրագործություններից մեկի՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին», – նշել է Կոնստանտինոս Տասուլասը։ Նա հավելել է, որ այդ հիշողությունն անսասան պարտականություն է ինչպես զոհերի, այնպես էլ պատմական ճշմարտության առջև, որպեսզի մոռացությունը չդառնա ռևիզիոնիզմի, բռնության և անհանդուրժողականության աղբյուր։
Հունաստանի նախագահը նաև նշել է, որ ժամանակակից միջազգային աշխարհում, որը բնութագրվում է ճգնաժամերով, հակամարտություններով և անորոշություններով, խաղաղության, փոխըմբռնման և ժողովուրդների միջև համագործակցության հանձնառությունն ավելի մեծ նշանակություն է ստանում։ «Պատմական հիշողությունը պահանջում է մշտական զգոնություն, որպեսզի պատմության ողբերգական իրադարձությունները երբեք չկրկնվեն», – հայտարարել է Կոնստանտինոս Տասուլասը։