ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում տեղի ունեցած միջոցառումներին, որոնք նվիրված էին Ռուանդայում 1994 թ. թութսիների ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան, մասնակցել է Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
Հայաստանի ներկայացուցչության թվիթերյան (X) հաշվին տեղադրված հրապարակումում նշվում է, որ հարգանքի տուրք է մատուցվում զոհերին, համերաշխություն հայտնվում վերապրածներին և ռուանդացի ժողովրդին։ Գրառման մեջ վերահաստատվում է նաև հանձնառությունը ճշմարտության հաստատմանը, հիշողության պահպանմանը և ցեղասպանության կանխարգելմանը։
Հրապարակումն ուղեկցվում է «Քվիբուկա 32», «կանխարգելում» և «ցեղասպանություն» հեշթեգերով։