Նախօրեին մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակության հետ։
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ հաստատված սերտ, կայուն և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով ԵԽ ծրագրերի կարևոր դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների, զինված ուժերում իրավունքների պաշտպանության, սոցիալական իրավունքներին, առողջության պահպանման իրավունքին և այլ ոլորտներին առնչվող հարցերի։ Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԻՊ-ին առընթեր գործող խորհուրդների կարևորությունը, որոնցում ներգրավված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարի կարևորությանը, հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Պաշտպանը մտահոգություն է հայտնել տարբեր հիմքերով խտրական և ատելության խոսքի տարածման առնչությամբ՝ նշելով, որ նման երևույթները հատկապես ակտիվանում են նախընտրական ժամանակահատվածում և պետք է պատշաճ հասցեավորվեն։
Քննարկվել է նաև «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։ Անահիտ Մանասյանն ընդգծել է օրենքի շուտափույթ ընդունման և ՄԻՊ հաստատության ինստիտուցիոնալ հզորացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրա համար պետությունը պետք է տրամադրի բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ՝ մանդատը լիարժեքորեն իրականացնելու նպատակով։
Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը և նախանշել են փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները։