ՆԳ նախարարն ընդունել է Կատարի նորանշանակ դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինի հետ։

Նախարար Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հայտնել իր վստահությունը, որ երկու երկրների ՆԳՆ-ների համագործակցությունը նրա գործունեության ընթացքում կառաջնորդվի նոր, ավելի արդյունավետ ուղիներով։

Հանդիպման ընթացքում դեսպան Ալ-Սուլայթինը նշել է, որ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաապահով պետություններից մեկը, որտեղ ինքն իրեն անվտանգ է զգում։ Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Կատարի Պետությունը միջազգային վարկանիշային ցուցանիշների համաձայն, մշտապես ընդգրկվում են աշխարհի ամենաապահով երկրների ցանկում, ինչը ստեղծում է հզոր հիմք՝ երկու երկրների ՆԳՆ-ների միջև համագործակցությունը զարգացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք հեռանկարային ուղղություններ։ Կողմերը հատկապես շեշտել են զանգվածային միջոցառումների անվտանգության ապահովման, աղետների ռիսկի կառավարման և դրանց դիմակայունության բարձրացման ոլորտներում փորձի փոխանակման կարևորությունը։ Բացահայտվել են նաև համագործակցության հնարավորություններ վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման ապահովման հարցում։

Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ համակարգի ծառայողների մասնագիտական վերապատրաստման հարցերին։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կատարի Պետության Կիբեռակադեմիայում Հայաստանի ոստիկանների համար մասնագիտական կուրսերի կազմակերպման հնարավորությանը։

Հանդիպման վերջում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով ընդլայնելու համար։

Back To Top