Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես կդառնա ուժեղ Հայաստանը

Հակակոռուպցիոն դատարանում, որտեղ շարունակվում է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը, նա հայտարարել է, որ շատ շուտով հայ ժողովուրդը կտեսնի, թե ինչպես է Հայաստանը դառնում ուժեղ։

«Հարգելի դատարան, փաստաբան Վարդևանյանը շատ հուզիչ և համոզիչ կերպով ներկայացրեց ամեն ինչ՝ ներկայացնելով այս մեղադրանքում տեղ գտած ապօրինություններն ու անարդարությունը։ Ուզում եմ ավելացնել, որ մեր իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի անդամների դեմ՝ խոչընդոտելու մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու ձգտումը։ Վստահեցնում եմ, որ դա նրանց չի հաջողվի, փոփոխություններ կլինեն։ Շատ շուտով դուք կտեսնեք, շուտով ուժեղ Հայաստան է լինելու», – ասել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ավարտվել է գործարարի նկատմամբ հարկերից խուսափելու, փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նրան մեղսագրվում են նաեւ իշխանությունը զավթելու կոչեր։ Գործարարը կալանավորվել էր 2025թ․ հունիսին՝ Հայոց եկեղեցուն աջակցության հայտարարություններից հետո։ Նախորդ տարվա դեկտեմբերին Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։

Back To Top