«Ուժեղ Հայաստան» դաշինքը կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել «Տաշիր Արենա»-ում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հրավիրել է հունիսի 26-ին ժամը 13:00-ին «Տաշիր Արենա»-ում հավաքվել այն քաղաքացիներին, ովքեր ընտրություններում իրենց ձայնը տվել են դաշինքին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում։

Կարապետյանը նշել է, որ այս հանդիպման նպատակն է միասին որոշել դաշինքի հետագա քայլերը։ Նրա խոսքով՝ քննարկման օրակարգում կլինեն մի քանի կարևոր հարցեր, այդ թվում՝ պատգամավորական մանդատների վերցնելու կամ չվերցնելու հարցը։

«Երբ մեկ տարի առաջ մենք ստեղծեցինք «Մեր ձևով» շարժումը, մեր շարքերում ընդամենը մի քանի տասնյակ կողմնակիցներ էին։ Այսօր 340 000 մարդ ցույց տվեց, որ վստահում է մեզ, և մենք պարտավոր ենք այդ վստահությունը արդարացնել», — ասել է նա։

Հանդիպումից հետո, ինչպես նախատեսվում է, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները կմեկնեն Հայաստանի Սահմանադրական դատարան, որտեղ հունիսի 26-ին տեղի կունենա նիստ՝ ընտրակեղծիքների դեմ ներկայացված դիմումների քննարկման շրջանակում։ Դաշինքը հայտարարել է, որ իրենք պաշտպանելու են իրենց քաղաքացիների ձայները։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Հայաստանի Սահմանադրական դատարան դիմումներ էին ներկայացրել 7 քաղաքական ուժեր՝ պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Դատարանը որոշել է բոլոր գործերը միավորել մեկ վարույթի մեջ։

Back To Top