«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է։ Այս մասին հայտարարել է կուսակցությունը։
Ըստ կուսակցության հայտարարության՝ «Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։ Չե՛նք հանդուրժելու, և օրենքի ողջ ուժով ու վճռականությամբ պայքարելու ենք մինչև վերջ»։
Այսօր հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին հաղորդել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ դատարանը գործը քննել է ողջ գիշեր և կալանքի տակ պահելու որոշում է կայացրել։
Նախորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր նաև գլխավոր դատախազության միջնորդությունները՝ պատգամավորի ընդդիմադիր թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն տալու վերաբերյալ։
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն հունիսի 6-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։ Կոմիտեում նման որոշումը հիմնավորել են ստացված տեղեկություններով, թե, իբր, «Դավիթ Ղազինյանն իրենց քաղաքական ուժի կողմնակիցների հետ ընտրակաշառք է տվել»։