Ուկրաինայի իշխանությունները սկսել են պլանավորել նախագահական ընտրությունները և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեն։ Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրել Կիևի վրա՝ երկու քվեարկություններն էլ անցկացնելու համար մինչև մայիսի 15-ը։ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքները պահպանելու համար Ուկրաինան պետք է ապահովի, որ այդ ժամկետները պահպանվեն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ նույն աղբյուրների, մտադիր է հայտարարել նախագահական ընտրությունները և հանրաքվեն անցկացնելու ծրագրերի մասին փետրվարի 24-ին։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հրաժարվել էր սահմանել Ուկրաինայում ճգնաժամը լուծելու ճշգրիտ ժամկետներ։ Նա նշել էր, որ ներկայիս պայմաններում ժամկետներ սահմանելը «շատ վտանգավոր» որոշում կլիներ։
Անցյալ շաբաթ Աբու Դաբիում տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների ևս մեկ փուլ։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները շատ լավ են ընթանում, և դրա արդյունքում կարող է «ինչ-որ բան պատահել»։