Արմինֆո.Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ներկայացրել է իր դիրքորոշումը Ավստրիայում տեղի ունեցած Եպիսկոպոսաց հավաքի և Հայաստանում ընթացող իրադարձությունների շուրջ։
Պատրիարքարանի տարածած հայտարարության համաձայն՝ Պոլսո հայոց պատրիարքի հղած ուղերձում նշվում է, որ Վիեննայի Եպիսկոպոսաց հավաքի ընթացքում Նորին Ս. Օծություն Տեր Սահակ Բ. Սրբազան Պատրիարք Հայրը, որպես Մայր Աթոռի ներկայացուցիչ, փոխանցել է իր երկու հիմնական առաջարկը ժողովական հայրերին և Վեհափառ Հայրապետի ուշադրությանը։
Պատրիարք Հայրը նախ առաջարկել է սինոդականություն ստեղծել՝ Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի դիրքերը ամրացնելու և ներկայիս ճգնաժամից դուրս ելք գտնելու համար։ Ըստ նրա՝ այս կառույցը կարող է հող պատրաստել կառավարության հետ բանակցությունների և համաձայնության հասնելու համար։
Երկրորդ առաջարկը վերաբերում էր Ազգային Եկեղեցական Ժողովի գումարմանը։ Պատրիարքը կարծում է, որ եպիսկոպոսների այս հավաքը պետք է լինի այն հանգուցային կետը, որտեղ կճշտվի Ժողովի գումարման ամսաթիվը և կկազմվի համապատասխան հանձնախումբ։
Պատրիարքը նաև նշել է, որ այս խառնաշփոթ իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունները հակաեկեղեցական քաղաքականություն են իրականացնում՝ կալանավորելով եպիսկոպոսների և քահանաների, իսկ Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հեղինակազրկված է, Մայր Աթոռը պետք է ցուցաբերի խելամտություն և պաղարյունություն՝ խուսափելով հակամարտության խորացումից։
Նրա կարծիքով՝ Կաթողիկոսի կարգավիճակը վերաճշտելու միակ անառարկելի համաեկեղեցական կառույցը Ազգային Եկեղեցական Ժողովն է, և հենց այն պետք է լինի այս ճգնաժամի լուծման հիմքը։
Պատրիարքը նաև հավելել է, որ սփյուռքահայերը, որոնք հիմնականում դիտորդի դիրքերում են, շփոթված են այս իրադարձություններից, և հայ ազգի երկու սրբությունները՝ Եկեղեցին և Պետությունը, իրար մաշեցնելու փոխարեն պետք է միասնական գործեն ազգի բարօրության համար։