ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր թիմը, իշխանության գալու դեպքում, շարունակելու է ակտիվ ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ապահովման ուղղությամբ։ Այս մասին նա գրառել է սոցիալական ցանցերում։
«Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը շարունակական աջակցությունը։ Ոչինչ չի մոռացվելու», – նշել է Քոչարյանը։
Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սկսվեց հայ մտավորականների զանգվածային ձերբակալությունը, որը հետագայում վերածվեց հայերի բնաջնջման քաղաքականության։ Այս ողբերգական իրադարձության հետևանքով ավելի քան 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին և սովից ու խոշտանգումներից մահացան։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ։ Առաջինը հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Ուրուգվայի խորհրդարանը (1965)։ Այս ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Լատինական Ամերիկայի խորհրդարանը և այլ ազդեցիկ կազմակերպություններ։
Հայաստանում և Սփյուռքում ամեն տարի ապրիլի 24-ին անցկացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ։ Թուրքիան շարունակում է մարդկության դեմ այդ հանցագործության ժխտման քաղաքականությունը։