Ռուսաստանը կվերանայի Երևանի նկատմամբ աջակցության ծրագրերը, եթե երկիրը մոտենա ԵՄ-ին

Մոսկվա, Ռուսաստան – Ռուսաստանը կվերանայի իր աջակցության ծրագրերը Հայաստանի նկատմամբ, եթե երկիրը շարունակի մերձեցումը Եվրոպական միության հետ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ ապագա որոշումները կախված կլինեն Հայաստանում տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։

«Պետք է տեսնել, թե ով կհաղթի (Հայաստանի խորհրդարանական ընտրություններում), հետո արդեն միջոցներ ձեռնարկել, որոշել։ Որովհետև, եթե հաղթեն եվրոպամետ ուժերը, ուրեմն Հայաստանը գնում է դեպի Եվրոպական միություն։ Եվ այդ ժամանակ իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել», – նշել է Օվերչուկը։

Փոխվարչապետը պարզաբանել է, որ Ռուսաստանը չի կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել երկրի, որի ապագան տեսնում է Եվրոպական միությունում, և որը, իր խոսքով, պատրաստվում է պատերազմել Ռուսաստանի դեմ։

«Ինչու՞ պետք է նման երկրին աջակցության միջոցառումներ իրականացնենք։ Ի՞նչ է, մենք փող ենք տալու նրանց, ովքեր վաղը, գուցե, կռվեն մերդեմ», – ընդգծել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ Ռուսաստանը դեռևս պահպանում է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունները, սակայն դրանք կարող են վերանայվել, եթե Հայաստանը որոշի շարժվել դեպի Եվրամիություն։

«Մենք, այնուամենայնիվ, միշտ կանգնած ենք իրավունքի, օրենքի կողքին։ Մենք պարտավորություններ ունենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Տեսեք․ շատ ուշադիր առաջնորդները ձևակերպել են իրենց հայտարարությունը (Աստանայի ԵՏԲԽ – ում)։ Այնտեղ խոսվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորությունն ուսումնասիրելու մասին։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Բայց մենք ասում ենք․ եթե դուք ձեր ժողովրդին տանում եք դեպի Եվրոպական միություն, որն այսօր թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, թշնամաբար է տրամադրված Բելառուսի նկատմամբ, որը պատրաստվում է պատերազմել մեր դեմ, ապա ինչու մենք պետք է ձեզ աջակցություն ցուցաբերենք բացակայող մաքսատուրքերի, բաց շուկաների, էներգիայի ցածր գների, աշխատուժի ազատ տեղաշարժի, արտոնագրերի համար վճարի բացակայության, բժշկական ապահովագրության տեսքով», – նկարագրել է Ռուսաստանի դիրքորոշումը կառավարության ղեկավարի տեղակալը։

Այս հայտարարությունը հաջորդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 9-ի հայտարարությանը, որում նա առաջարկել էր Հայաստանին որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը վերջինիս ընդունել է օրենքի նախագիծ, որը սկիզբ է տալիս Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացին։

Back To Top