Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման փուլին

Այսօր ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման և փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլին։ Այս մասին հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ աշխարհը գտնվում է այնպիսի պայմաններում, երբ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետության անհրաժեշտությունը դառնում է ավելի զգալի, որը պետք է լինի ժամանակակից մարտահրավերներին համապատասխան։ Դեսպանը նշել է, որ աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը ուղղակիորեն ազդում է նաև Հարավային Կովկասի վրա։

«Ռուսաստանը, որպես դրա պատմականորեն անբաժանելի մաս, լիովին տրամադրված է կառուցողական և ստեղծագործական ներդրում ունենալ տարածաշրջանի երկրների կայունության, տնտեսական զարգացման և տրանսպորտային փոխկապակցվածության ապահովման գործում։ Վստահ եմ, որ դրանում մեր շահերը լիովին համընկնում են Հայաստանի Հանրապետության ազգային շահերի հետ», – հայտարարել է Սերգեյ Կոպիրկինը։

Նա նաև ընդգծել է, որ ռուս-հայկական միջպետական համագործակցությունը հենվում է բարձրագույն մակարդակներում կայուն և փոխադարձ հարգալից քաղաքական երկխոսության, միջկառավարական, միջխորհրդարանական և միջգերատեսչական ձևաչափերի, միջտարածաշրջանային շփումների և ամուր իրավապայմանագրային բազայի վրա։

«Մոսկվան լիովին պատրաստ է համատեղ աշխատանքը վարել կառուցողական, փոխշահավետ ճանապարհով՝ առկա երկկողմ մեխանիզմների հիման վրա։ Ընդ որում, կցանկանայի ընդգծել, որ ռուսական կողմը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան արտաքին քաղաքականության անվիճելի իրավունքը», – ընդգծել է դեսպանը՝ հավելելով, որ Ռուսաստանը ակնկալում է, որ Երևանի փոխգործակցությունը այլ գործընկերների հետ չի վնասի երկկողմ կապերին և ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ։

Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ մեր ժողովուրդների միջև կապերը հիմնված են դարերի խորքից եկող բազմապլան կապերի, միջանձնային շփումների, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիզմի դեմ համատեղ հաղթանակների և ակնառու ձեռքբերումների վրա։ Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանում ապրում է մեծաթիվ հայկական համայնք։

Հումանիտար համագործակցության խորացման նպատակով նախատեսվում է մինչեւ տարեվերջ Մոսկվայում անցկացնել Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր և Հայաստանում հոգևոր մշակույթի օրեր։ Դեսպանը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ամուր առաջնություն է պահպանում Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների շրջանում, առաջատար է դրամական փոխանցումների ծավալով և օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքով։

Իր խոսքի ավարտին Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է բոլորին Ռուսաստանի օրը՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և բարեկեցություն։

Back To Top