Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողովի հայտարարություն

Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացած Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողովը, որին մասնակցել են Հայաստանից, Արցախից եւ 26 երկրներից ժամանած ավելի քան 150 հեղինակավոր մտավորական, քաղաքական, հանրային եւ համայնքային գործիչներ, հանգամանալից քննարկեց համազգային մարտահրավերների եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկայիս պատկերը եւ համահայկական օրակարգերի շուրջ զորաշարժի անհրաժեշտությունը։

Խորհրդաժողովի բացման նիստին տեսաերիզով իրենց ողջույնի խոսքերը հղեցին Գարեգին Բ եւ Արամ Ա Վեհափառները, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։ Խորհրդաժողովին հաջողության մաղթանք փոխանցեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Քննարկումների արդյունքում խորհրդաժողովը կատարեց մի շարք հաստատումներ եւ ընդգծեց առաջնահերթությունները՝ ձեռնարկվելիք քայլերի ուղղությամբ։

1. Սփյուռքի ռազմավարական դերը եւ քաղաքական օրակարգը

Սփյուռքի դերը հայության առջեւ ծառացած հիմնահարցերի լուծման մեջ ունի ռազմավարական կարեւոր նշանակություն։ Ներկա անվտանգային սպառնալիքների եւ ազգային ինքնության դեմ ուղղված հարձակումների պայմաններում հրամայական է ազգային օրակարգերի շուրջ համահայկական զորաշարժը։

Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։ Սփյուռքի քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են.

Հայաստանի պետականության հզորացում: Հայաստանի Հանրապետության հզորացման եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագիրների մշակում եւ գործադրում։
Հայոց Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում: Հակառակ ներկայիս իշխանությունների քաղաքականության, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման գործընթացը մնում է հրամայական։
Արցախյան հիմնահարց: Արցախի հարցը պահանջում է հետեւյալ գործնական քայլեր.
Գերիների անհապաղ ազատ արձակում։
Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի միջազգայնացում։
Բռնագրաված մշակութային ժառանգության պաշտպանություն։
Արցախի պետական կառույցների գործունեության լիարժեք աջակցություն։
Բռնի տեղահանված հայրենակիցների իրավունքների պաշտպանություն եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում։

2. Ազգային արժեքների եւ Հայ եկեղեցու դերը հայկական ինքնության պահպանման մեջ

Հայկական ինքնությունը խարսխված է պատմության, Հայոց եկեղեցու, լեզվի, մշակույթի եւ ազգային արժեքների վրա։ Ներկա օրհասական պայմաններում Հայոց եկեղեցին շարունակում է մնալ ոչ միայն հոգեւոր խարիսխ, այլ նաեւ ազգային եւ հոգեւոր ինքնության հիմնաքար։

Դատապարտելով ՀՀ իշխանությունների կողմից հայկական արժեքների եւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ սանձազերծված պայքարը՝ անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւյալ առաջնահերթությունները.

Դիմադրություն: Ազգային ինքնության դեմ ուղղված որեւէ քայլ պետք է արժանանա կազմակերպված եւ միասնական հակազդեցության։
Համախմբում: Կանխել պառակտումը եւ ստեղծել ամուր համախմբում Եկեղեցու շուրջ։
Կրթություն եւ դաստիարակություն: Ամրապնդել եւ ընդլայնել սփյուռքահայ կրթական, մշակութային ու հոգեւոր-արժեքային համակարգն՝ ի խնդիր ավելի մեծ թվով նոր սերունդների հայեցի ինքնության եւ դաստիարակության։

3. Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցեր եւ հորիզոններ

Ազգային արժեքային համակարգը Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայ ազգի ուժի հիմնական աղբյուրն է։ Այն պետք է համարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մշակման եւ համահայկական օրակարգի անփոխարինելի հիմքը։

44-օրյա պատերազմից եւ Արցախի հայաթափումից հետո, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը սփյուռքահայության մոտ առաջացրել է խոր հիասթափություն եւ հուսախաբություն։ Խիստ դատապարտելի է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից կազմակերպված Սփյուռքն անտեսելու, պառակտելու եւ Հայրենիքին նրա զորակցությունն արհամարհելու վնասակար քաղաքականությունը։

Առ այդ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առաջնահերթություններն են.

Համահայկական կարողականության եւ ցանցային հնարավորությունների օգտագործում: Ապահովել Սփյուռքի մասնագիտական մարդուժի առավելագույն մասնակցությունը պետական նախագծերում։
Հայաստան-Սփյուռք միասնական տարածքի ձեւավորում: Քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, գիտական, ռազմարդյունաբերական, տեղեկատվական եւ կրթամշակութային միասնական քաղաքականության մշակում

Back To Top