Փարիզում, Ֆրանսիայի Հանրապետությունում, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել եվրոպական տարածաշրջանի երկրներում և կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։
ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ նախարար Միրզոյանը բացման խոսքում նշել է, որ վերջին անգամ նման հանդիպում տեղի է ունեցել օգոստոսի վերջին։ Ըստ նրա՝ այդ ժամանակից ի վեր եվրոպական աշխարհամասում և Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններում տեղի է ունեցել մի շարք կարևոր իրադարձություն։
«Մենք բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ ենք քննարկում, և մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկարատև բանակցությունների արդյունքը՝ համապատասխան փաստաթղթի ստորագրումը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նման փաստաթղթերն արդեն ստորագրվել են նաև այլ երկրների հետ, օրինակ՝ Գերմանիայի հետ։
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձել է մայիսի 4-6-ը Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի ու ՀՀ-ԵՄ գագաթնաժողովներին և «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը։
ՀՀ ԱԳՆ-ի փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրել է Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների օրակարգը և ստորագրվելիք փաստաթղթերը։ Գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մանրամասնել է «Երևանյան երկխոսության» նախապատրաստական աշխատանքների և քննարկումների հիմնական ուղղությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության ընթացիկ ծրագրերը և հեռանկարները։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման ընթացքը, որոնցում ներգրավված է Հայաստանը, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները։
Քննարկվել են նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման գործընթացները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Բացի այդ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։
Հանդիպման վերջում քննարկվել են դիվանագիտական ծառայության կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններն ու «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները։