Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը քննարկել են Եվրոպական ինտեգրման և տարածաշրջանային խաղաղության հարցերը

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ այսօր կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի միջև հանդիպում։

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը հույս է հայտնել, որ Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովները կամրապնդեն կողմերի մտադրությունը շարունակելու համագործակցությունը։ Նա նշել է, որ այս գործընկերությունը ուղղված է Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերին՝ ինչը, իր հերթին, կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայուն զարգացմանը։

Զրուցակիցները քննարկել են նաև ժողովրդավարական և տնտեսական դիմակայունության ամրապնդման և փոխկապակցվածության հարցերը։ Նրանք կարևորել են ռազմավարական առաջնայնություն հանդիսացող ծրագրերում ներդրումներ կատարելու հնարավորությունները՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ ԵՄ մասնավոր հատվածների կողմից։ Այս քննարկումը տեղի է ունեցել Երևանում մայիսին կայանալիք բարձր մակարդակի միջոցառումներին ընդառաջ։

Back To Top