ՀՀ Ներքին գործերի նախարարությունը համակարգված մոտեցում է որդեգրել Եվրոպական Միության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման հարցում։ Այս մասին հայտարարել է ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի հինգերորդ նիստում։
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ նոր գործընկերության օրակարգին վերաբերող հարցերը։ Ընդգծվել է վիզային ռեժիմի ազատականացման գործում գրանցված առաջընթացը, որը ներառում է կարճաժամկետ վիզաների տրամադրումը և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը։
Արմեն Ղազարյանը մանրամասն ներկայացրել է վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի հիմնական փուլերը՝ սկսած երկխոսությունների մեկնարկից մինչև գործողությունների ծրագրի ստացումը և դրա իրականացման համար ձեռնարկված գործնական քայլերը։ Նա նշել է, որ հայկական կողմին տրամադրված գործողությունների ծրագրի հիմնական ուշադրությունը կենտրոնացված է սահմանված չափանիշների և դրանց շրջանակներում իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա։
Բացի այդ, ընդգծվել են փաստաթղթերի անվտանգության բարձրացմանն ուղղված պետական-մասնավոր գործընկերության միջոցով իրականացվող ծրագիրը, միգրացիայի և սահմանների կառավարման համապարփակ ռազմավարությունների մշակումը և ապաստանի համակարգի թվայնացումը։ Ղազարյանը նաև նշել է, որ իրավապահ ոլորտում իրականացվող բարեփոխումները ուղղված են ոչ միայն համակարգի վերակազմակերպմանը, այլև ժամանակակից ոստիկանական չափորոշիչների ներդրմանը։