Խաղաղության երկարակեցությունը որոշվում է փոխշահավետության հիմունքով, ոչ թե երաշխավորների առկայությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 25-ին կառավարության ժամի ժամանակ պատասխանելով պատգամավորների հարցերին, հստակորեն նշել է, որ խաղաղության երկարակեցությունը որոշվում է ոչ թե միջազգային երաշխավորների առկայությամբ, այլ այն հանգամանքով, թե որքանով է խաղաղությունը օգտակար և շահավետ երկու կողմերի համար։

Նախարարը նշել է, որ պրագմատիկ հաշվարկների վրա հիմնված միջազգային հարաբերությունների համակարգում երաշխավորները սովորաբար հետապնդում են իրենց սեփական շահերը։ Նա նաև հիշեցրել է պատմության բազմաթիվ դեպքեր, երբ խաղաղության համաձայնագրեր, որոնք երաշխավորվել են նույնիսկ երկրների խմբերի կողմից, հետագայում խախտվել են, այդ թվում՝ հենց երաշխավորների կողմից։

«Մենք խաղաղության երաշխիքների և երաշխավորների մասին խոսում ենք խաղաղության ամրապնդման և դրա երկարակեցության ապահովման համատեքստում։ Եվ կյանքը ցույց է տվել, որ այսօր մենք ունենք խաղաղություն, որը տարածաշրջանային ցնցումների պայմաններում ապացուցել է իր կենսունակությունն ու կայունությունը։ Ես վստահ եմ, որ այն կշարունակվի նաև ապագայում», – նշել է նախարարը՝ ընդգծելով, որ խաղաղության ամենամեծ երաշխիքը փոխշահավետությունը և փոխկապակցվածությունն է։

Միրզոյանը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, ինչպես ցանկացած այլ երկրի միջև, կտևի միայն այնքան ժամանակ, քանի դեռ այն օգուտ է բերում երկու կողմերին։ Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության նպատակն է ստեղծել փոխշահավետ մեխանիզմներ, որոնց միջոցով խաղաղության պահպանումը կդառնա օգտակար և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար։

Նախարարը նշել է, որ այդ մեխանիզմները արդեն իսկ գոյություն ունեն։ Նա որպես օրինակ բերել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև հաստատված երկխոսությունը, Ադրբեջանի միջոցով Հայաստան ապրանքների տարանցումը և երկկողմ առևտուրը։

Միրզոյանը նաև անդրադարձել է ընդդիմադիր ուժերի կողմից հնչեցված պնդումներին՝ խաղաղության երաշխավորների անհրաժեշտության մասին։ Նա բացառել է, որ այդ փաստարկները պայմանավորված են ավելի երկարատև խաղաղության և անվտանգ ապագայի ցանկությամբ։ Նախարարը նշել է, որ երաշխավորների առկայությունը կարող է օգտակար լինել միայն մեկ կողմի համար՝ որպես լրացուցիչ լծակ՝ իր ազդեցությունը տարածաշրջանում շարունակելով մեծացնել։

«Մեր այսպես կոչված ընդդիմության շնորհիվ մեզ քթից կհրել մեկ պատին, հետո մյուսին և այլն», – եզրափակել է նախարարը՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանի ժողովրդին առաջարկում է անցում գոյատևման օրակարգից դեպի զարգացման օրակարգ։

Back To Top