Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսումը Հայաստանի համար հնարավորությունների պատուհան է

Աբխազիայի տարածքով երկաթուղու բացումը լրջագույն ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական հնարավորությունների վրա։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, “Հայաստան” ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ «Մեծ քաղաքականություն» փոդքասթի հերթական թողարկմանը։

Քաղաքական գործիչը նշել է, որ նախորդ թողարկման ընթացքում արդեն բարձրացրել էր այս թեման, և ոչ մեծ ժամանակահատված անց Աբխազիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ քննարկվում է երկաթուղու բացման հարցը։

«Դա պատուհան է բացում մեզ համար, և այն լրջագույն ազդեցություն կունենա մեր տնտեսական հնարավորությունների վրա։ Կլինի ավելի էժան տրանսպորտային գիծ, որը կախված չի լինի Ադրբեջանից», – ասել է Քոչարյանը։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները փոխվեն, կարճ ժամանակում հնարավոր կլինի երկաթուղային հաղորդակցություն բացել Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Աբխազիայի, Սոչիի և Կրասնոդարի հետ։

Նախկին նախագահը նաև նշել է, որ ավելի կարճ և անվտանգ ճանապարհ դեպի Ռուսաստան, առանց նախապայմանների, հնարավորություն է բացվում ունենալ։ Նա նաև նկատել է, որ Ադրբեջանով անցնող ճանապարհը 700 կմ-ով ավելի երկար է։

Քոչարյանը նաև անդրադարձել է Օչամչիրի տերմինալի հաջող փորձարկմանը և նշել, որ այն կարող է դառնալ Աբխազիայով և Վրաստանով դեպի Հայաստան տրանսպորտային միջանցքի անալոգը։ Նա նաև ընդգծել է, որ նոր երթուղին կարող է այլընտրանք դառնալ Վերին Լարսի գերբեռնված սահմանային անցակետին։

Հիշեցնենք, որ 1991 թվականից չգործող Աբխազական երկաթուղու վերակառուցման համար կանխատեսվող ծախսերը տատանվում են 73 մլն դոլարից մինչև 400 մլն դոլարի սահմաններում՝ կախված գնահատողի աղբյուրից։

Back To Top