Ապրիլի 8-ին Երևան այցելած Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ, դեսպան պարոն Պիեռ-Իվ Ֆուքսը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան տիկին Անդրեա Բարբարա Բաումանի հետ միասին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) հաղորդագրության համաձայն, հյուրերին ողջունել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:
Այցի ընթացքում պարոն Ֆուքսը և տիկին Բաումանը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Դրանից հետո նրանք շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Շրջայցի ավարտին պարոն Պիեռ-Իվ Ֆուքսը ստորագրություն է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում՝ ավարտելով իր այցը հուշահամալիր: