Ապրիլի 15-ին Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանում կայացած դատական նիստի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը։
«Քանի որ ես վստահ եմ հաղթանակին (Հայաստանի խորհրդարանական ընտրություններում – խմբ.), ես սկսել եմ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց», – նշել է նա։
Այս հայտարարությունը արվել է այն պահին, երբ դատարանում քննարկվում էր գործարարի նկատմամբ կիրառվող խափանման միջոցի հարցը։ Դատախազը միջնորդել է ևս երեք ամսով երկարաձգել Կարապետյանի տնային կալանքը, մինչդեռ պաշտպանական կողմը պահանջում է հանել իրենց պաշտպանյալի նկատմամբ բոլոր սահմանափակող միջոցները։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը։ Նրան մեղադրանք է առաջադրվել հարկերի վճարումից խուսափելու, փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման, ինչպես նաև երկրում իշխանությունը զավթելու կոչերի համար։ Դատարանի շենքի մոտ հավաքվել են հազարավոր աջակցողներ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանի առաջադրմանը՝ վարչապետի թեկնածու։ Նա նշել էր, որ Հայաստանի օրենսդրության և սահմանադրության համաձայն, երկրի վարչապետի պաշտոնին կամ պատգամավորի մանդատին չի կարող հավակնել այն անձը, ով ունի երկու կամ ավելի երկրների քաղաքացիություն։