Երևանում գույքագրվել է 50 վայր, որտեղ կրիտիկական է ջրահեռացման խնդիրը

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը ապրիլի 13-ի աշխատանքային նիստի ընթացքում հայտնել է, որ մայրաքաղաքում գույքագրվել է 50 վայր, որոնք ունեն լուրջ ջրահեռացման խնդիրներ։

Վարչության պետը նշել է, որ այդ վայրերից երկուսի համար արդեն ֆինանսավորում է գտնվել, և շուտով կսկսվեն աշխատանքները խնդիրների վերացման ուղղությամբ։ Այդ վայրերից մեկը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Եռաբլուր զինվորական պանթեոնին հարող տարածքն է։

Արսեն Կարոյանը զեկուցել է նաև Գյուրջյան փողոցում (Նոր Նորք վարչական շրջան) տեղի ունեցած օրհասական իրավիճակի մասին։ Գյուրջյան փողոցում հորդառատ անձրևի հետևանքով առաջացել է անանցանելի ցեխաջրի լիճ, որի պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ մնացել են ջրի մեջ։ Իրավիճակի վերացման համար անհրաժեշտ էր ՆԳՆ Փրկարար ծառայության միջամտությունը։

Վարչության պետը բացատրել է, որ խնդրի հիմնական պատճառը ստորերկրյա զանգվածների և լանջերից իջնող քարերի կողմից արգելափակված անձրևընդունման ցանցերն են։ Այս խնդրի լուծման համար Հայաստանի ջրային օպերատորի՝ Veolia ընկերության հետ համատեղ ուսումնասիրություններ կիրականացվեն, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, կավելացվի անձրևընդունիչների քանակը։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի գիշերը Երևանում տեղի ունեցած հորդառատ անձրևի հետևանքով Սևանի և Գյուրջյան փողոցներում տրանսպորտային միջոցներ էին մնացել անձրևաջրերում։ ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից փրկարարական խումբ է մեկնում դեպքի վայր և դուրս է բերել տրանսպորտային միջոցները։

Ընդ որում, դատելով սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերից, Գյուրջյան փողոցում ջրի մեջ մնացել էր մեկ տասնյակից ավելի ավտոմեքենա։ Քաղաքացիները նշում են, որ Գյուրջյան փողոցում ջրի կուտակման խնդիրը բարձրաձայնվում է առնվազն երրորդ տարին է։

Back To Top