Երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատեց Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ կապված հերթական զեկույցը, որը վերջնական տեսքով կընդունվի Եվրոպական խորհրդարանի մոտակա նիստերից մեկում։ Այս զեկույցի հիմնական դրույթները, որոնք առավել կարևոր են Հայաստանի համար, հետևյալն են։
Առաջինը՝ զեկույցում բացակայում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության կամ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ որևէ պահանջ կամ մտահոգություն։ Սա զգալի տարբերություն է նախորդ տարիների զեկույցների նկատմամբ, որոնցում Եվրոպական խորհրդարանը հաճախ անդրադառնում էր այդ հարցին։
Երկրորդը՝ զեկույցում նույնպես բացակայում է Թուրքիային ուղղված պահանջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ի տարբերություն նախորդ՝ «Սերժի տարիների» զեկույցների, որոնցում Հայոց ցեղասպանության ճանաչումը հաճախ նշվում էր որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար նախապայման, այս անգամ այդ թեմային անդրադառնալու որևէ փորձ չի արվել։
Երրորդը՝ Եվրոպական Միության անհանգստությունը շարունակում է կենտրոնանալ Կիպրոսի խնդրի և թուրք-հունական հարաբերությունների կարգավորման հարցերի վրա։
Չորրորդը՝ զեկույցը նշում է, որ Թուրքիայի համապատասխանեցումը Եվրոպական Միության ընդհանուր արտաքին և պաշտպանական քաղաքականությանը հասել է պատմական նվազագույնի՝ ընդամենը 4 տոկոսի։ Սա ցույց է տալիս, որ Թուրքիան շարունակում է հետևել բացառապես իր սեփական շահերին, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը կախված է բացառապես Թուրքիայի քաղաքականության և շահերի նկատմամբ։
Հինգերորդը՝ զեկույցի առանձնահատուկ ուշադրությունը գրավում է Թուրքիայում ժողովրդավարության հետընթացքի, քաղաքական մրցակիցների հետապնդման և քաղաքական բանտարկյալների հարցերը։ Եվրոպական միությունը, երբ իրեն պետք է, լավ էլ տեսնում է խնդիրներ այլ պետություններում, որոնք կապված են ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանող զարգացումների հետ։ Այսպիսով, ԵՄ-ն ցինիկաբար լռում է Հայաստանի ներկայիս կառավարության ռեպրեսիաների և ավտորիտար ռեժիմի մասին, որը, որոշ եվրոպացիների կարծիքով, իր ծավալներով և ոգևորությամբ նույնիսկ գերազանցում է Էրդողանի ռեժիմին։