Հայաստանի ՆԳՆ-ն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և ՆԳ նախարարության մանդատի ներքո իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում լիտվական կողմի փորձագիտական աջակցությունը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում ներքին անվտանգության համակարգի արդիականացմանն ուղղված ռազմավարական ուղղությունները, իրականացված ծավալուն աշխատանքները և արձանագրված արդյունքները։

Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսության գործընթացը։ Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կմեկնարկի միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկումը, որը, իր խոսքով, վճռորոշ քայլ է տվյալների անվտանգության ապահովման և անձնագրային համակարգի կատարելագործման տեսանկյունից։

Նաև ներկայացվել է 112 օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի գործունեության առանձնահատկությունները։ Փոխնախարարը նշել է, որ միջազգային ստանդարտներին համապատասխանող այդ կենտրոնը թույլ է տալիս ապահովել արտակարգ պատահարներին արձագանքման առավելագույն օպերատիվություն և ծառայությունների միջև արդյունավետ փոխգործակցություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սահմանային վերահսկողության ինտեգրված կառավարման նոր մոդելի, կրթական բաղադրիչի վերափոխման, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարին և իրավախախտումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ գործիքակազմի ներդրման հեռանկարները։

Արմեն Ղազարյանը նշել է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վերջին հարցումները վկայում են ոստիկանության հանդեպ հանրային վստահության զգալի աճի և դժգոհության ցուցանիշների նվազման մասին, ինչը, նրա կարծիքով, ոլորտային բարեփոխումների արդյունավետության ամենաակնառու ապացույցն է։

Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեն բարձր է գնահատել ՆԳ նախարարության թվայնացման և արդիականացման օրակարգը և վերահաստատել երկկողմ համագործակցությունն ընդլայնելու լիտվական կողմի պատրաստակամությունը։

Back To Top