ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 22-ի նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված անձ Գոհար Մելոյանի՝ ԿԸՀ հղված պարզաբանում ակնկալող դիմումը։
Ըստ ԿԸՀ-ի հաղորդագրության՝ պարզաբանումը վերաբերում է Ընտրական օրենսգիրքի վերջին փոփոխություններին, ինչպես նաև կուսակցության ստացած օգտահաշվի անվան վերաբերյալ հարցադրումներին։
ԿԸՀ-ն պարզաբանումում նշում է, որ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում կուսակցությունների (կամ դաշինքների) առաջադրման և գրանցման նկատմամբ կիրառվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը՝ 2026 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքով նախատեսված փոփոխությունները։
«2026 թվականի ապրիլի 7-ի դրությամբ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում ԿԸՀ-ն որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի իրավասուբյեկտության հարցի, ներառյալ դաշինքի անվանման խնդրի չի անրադարձել և այդ ժամանակահատվածի համար չունի այդպիսի լիազորություն», – նշված է հաղորդագրությունում։
Արձանագրվում է նաև, որ ԿԸՀ-ն ստացել է նույն սուբյեկտի կողմից օգտահաշվի անվան փոփոխության դիմումը և այն բավարարել է։ Արդյունքում, դաշինքի օգտահաշվի անվանումն է՝ «Ուժեղ Հայաստան»։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանություններն ապրիլի 7-ին հապճեպ փոփոխություններ էին կատարել Ընտրական օրենսգրքում, որոնք, ի թիվս այլ բաների, արգելում են կուսակցությունների դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումը։ Այս քայլը նախաձեռնվել էր այն բանից հետո, երբ մարտի 31-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք ստեղծելու մասին։