Հայաստանի դպրոցականները հաջող ելք են ունեցել IATI ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է Բուլղարիայի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ Այս տարվա օլիմպիադան, որը տեղի է ունեցել առցանց ձևաչափով, հավաքել է ավելի քան 440 աշակերտ 16 երկրից։
Մեր երկրի թիմը, որը ներկայացվել է 6 ուսումնական հաստատության՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Այբ դպրոցի, Գյումրու Ֆոտոն վարժարանի, ինչպես նաև Գյումրու թիվ 7 և թիվ 41 հիմնական դպրոցների աշակերտներից, ցուցաբերել է բարձր մակարդակ։ Ընդհանուր առմամբ, օլիմպիադային մասնակցել է 20 հայաստանց աշակերտ՝ 11-ը ավագ (10-12-րդ դասարաններ) և 9-ը՝ կրտսեր (7-9-րդ դասարաններ) տարիքային խմբերից։
Ավագ տարիքային խմբում հայաստանյան թիմը նվաճել է 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Արծաթե մեդալը շահել է «Քվանտ» վարժարանի աշակերտ Գրիգորյան Ալեքսը (12-րդ դասարան), իսկ բրոնզե մեդալները՝ Գյոզալյան Վահագնը և Մացակյան Տիգրանը (երկուսն էլ՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան), Գրիգորյան Արենը և Մանուկյան Հայկը («Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան), ինչպես նաև Համբարյան Մամիկոնը (Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, 9-րդ դասարան)։
Կրտսեր տարիքային խմբում մեր թիմի հաջողությունն է ոսկե մեդալը, որը շահել է «Քվանտ» վարժարանի աշակերտ Քոչարյան Վաչեն (8-րդ դասարան)։ Բացի այդ, մեր աշակերտները նաև 2 բրոնզե մեդալ են նվաճել՝ Խոնդկարյան Հերբերտը (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 9-րդ դասարան) և Ադամյան Հայկը («Քվանտ» վարժարան, 7-րդ դասարան)։
Հայաստանի թիմի ղեկավարներն էին Երևանի պետական համալսարանի դասախոս Արմեն Անդրեասյանը, ինչպես նաև համալսարանի մագիստրանտներ Սամվել Անդրեասյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Աշակերտների առցանց մասնակցությունը հնարավոր է դարձել ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի աջակցության շնորհիվ։