Միջազգային հանրության անորոշությունը խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում

Արմինֆո. Միջազգային հանրության անորոշ ու ոչ հստակ գնահատականները ոչ թե զսպում, այլ, ընդհակառակը, խրախուսում են ավտորիտարիզմը Հայաստանում։ Այս մասին հայտարարել է Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր եւ կառավարող գործընկեր, “Ուժեղ Հայաստան” կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը՝ այդ առումով աջակցելով «Հայաստան» դաշինքի հայտարարությանը, որում քննադատական գնահատական է տրված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան ընտրությունների վերաբերյալ միջանկյալ հայտարարությանը։

«Հայաստան» դաշինքի խմբակցության հայտարարությունը, ըստ իմ կարծի, սթափեցնող է և չափազանց կարևոր նշանակություն ունի։ Այն բացահայտում է այն դառը իրողությունը, որը միջազգային որոշ կառույցներ համառորեն նախընտրում են չտեսնել։ Մենք չենք կարող խոսել «կառուցողական համագործակցության» կամ «ժողովրդավարական ընտրությունների» մասին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը բացահայտորեն օգտագործում է պետության պատժիչ ողջ զինանոցը ընդդիմախոսներին ճնշելու համար, – նշել է Ամստերդամը Facebook-ի իր էջում հրապարակված գրառման մեջ։

Իրավաբանը հիշեցրել է, որ իրենց իրավաբանական ֆիրմայի կողմից կազմված 140 էջանոց զեկույցում արդեն ներկայացված են անհատական ապացույցներ, որոնք վկայում են դատական համակարգը իշխանությունների գործիք դարձնելու և Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ համակարգված արշավ անցկացնելու մասին։ Նա նաև հստակ հայտարարել է, որ լիովին համաձայն է «Հայաստան» խմբակցության մայիսի 13-ի հայտարարությունում տրված գնահատականներին։

«Միջազգային հանրության անորոշ ու ոչ հստակ գնահատականները ոչ թե զսպում, այլ, ընդհակառակը, խրախուսում են ավտորիտարիզմը Հայաստանում։ Ժամանակն է վերջ դնել երկակի ստանդարտներին։ Երբ վտանգված են երկրի հիմնարար արժեքներն ու Եկեղեցին, լռությունը մեղսակցություն է», – եզրափակել է միջազգային իրավաբանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն արձագանքել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակության տարածած միջանկյալ հայտարարությանը, որը մայիսի 11-12-ը երկօրյա այցով գտնվում էր Երևանում։ Ընդդիմադիր խմբակցությունը ԵԽԽՎ-ին մեղադրել է Հայաստանում տիրող իրավիճակը միակողմանի գնահատելու, ինչպես նաև հիմնազուրկ պնդումներ հնչեցնելու համար։ «Հայաստան» խմբակցությունը նաեւ տարակուսանք է հայտնել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի որոշ մտավախություններ արձանագրվել են որպես, պարզապես, «լսված» իրողություններ, մինչդեռ, կառավարության թեզերն արձանագրվել են որպես հաստատված փաստեր, իսկ հանդիպման ժամանակ իրենց պատգամավորների ներկայացրած մի շարք բանավոր և գրավոր դիտողություններ հաշվի չեն առնվել։

Back To Top