Ամենշաբաթյա մամուլի ասուզրույցի ընթացքում, անդրադառնալով համապատասխան հարցին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ հայկական կողմը պաշտոնական ծանուցում է ուղարկել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա ներկա գտնվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների առաջնորդների առաջիկա հանդիպմանը։ Հանրապետությունը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Զախարովան նշել է, որ նախկինում էլ եղել են իրավիճակներ, երբ ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները տարբեր պատճառներով չեն մասնակցել այս տնտեսական բլոկի մարմինների աշխատանքին։ «Նախկինում էլ է պատահել, տարբեր պատճառներով է դա տեղի ունենում։ Դա, իհարկե, ցանկալի չէ, այն չէ, ինչին բոլորը ձգտում են, բայց պատահում է։ Խնդիրը մի փոքր այլ բանում է․ նրանում, որ դա վերածվում է մի համակարգի, որը, ինչպես հասկացանք, այս ուղղությամբ՝ նկատի ունեմ տվյալ կառույցի աշխատանքի ուղղությամբ, ստեղծել է Նիկոլ Վովայի Փաշինյանը»,- հայտարարել է նա։
Դիվանագետը նաև ընդգծել է, որ միավորման համար որևէ ողբերգություն չկա գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու պատճառով։ «Հարցը միայն հենց Հայաստանի մեջ է։ Մենք նախընտրում ենք դատել որոշակի եվրոպամետ քաղաքականության իրականացման շրջանակներում Հայաստանի կառավարության կոնկրետ գործնական քայլերով և եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վրա դրանց ազդեցությամբ։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ հնարավոր չէ համատեղել անդամակցությունը ԵԱՏՄ-ին մեկ այլ ինտեգրացիոն բլոկի վերազգային կարգավորող մեխանիզմների ներդրման հետ»,- ասել է Զախարովան՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Մոսկվան բոլոր մակարդակներում բազմիցս խոսել է այդ մասին։
Նրա խոսքով՝ այս ամենն ունի կոնկրետ պատճառ. այն է, որ արևմտաեվրոպական, եվրամիութենական այդ կառույցները «վարում են կործանարար քաղաքականություն՝ ապօրինի պատժամիջոցների քաղաքականություն հենց այն երկրների նկատմամբ, որոնք մտնում են ԵԱՏՄ կազմի մեջ»։ Ռուսաստանը միշտ կողմ է եղել տարբեր ուղղություններով փոխգործակցության ներդաշնակ համադրմանը, քանի դեռ դա չէր վերածվել Արևմուտքի հիբրիդային տնտեսական պատերազմի ընդդեմ ՌԴ-ի։