«Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը կմեկնարկի փետրվարի 16-ին

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը։ Ծրագրի գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

Այս նախաձեռնության նպատակն է ակտիվացնել կինոարտադրության ոլորտում լրացուցիչ և շարունակական կրթությունը։ Ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները կունենան հնարավորություն ստանալու կինոարտադրության ոլորտին առնչվող գիտելիքներ՝ ոլորտի կայացած և փորձառու մասնագետների ղեկավարությամբ։

Դասընթացներում կուսումնասիրվեն սցենարի վարպետության, ռեժիսուրայի և պրոդյուսեր մասնագիտությունները։ Բացի այդ, ծրագրի մասնակիցները կծանոթանան արհեստական բանականության (AI) հիմունքներին և կսովորեն, թե ինչպես այն կիրառել ֆիլմերի ստեղծման գործընթացում, այդ թվում՝ ChatGPT, Midjourney, Runway և այլ հարթակների միջոցով։

Կրթական ծրագիրը կներառի տեսական և գործնական դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկումներ, ինչպես նաև հանդիպումներ ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ։ Ծրագրի ավարտը կնշվի համատեղ ֆիլմերի ստեղծմամբ՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները։

Դասընթացներին կարող են մասնակցել 15-18 տարեկան անձինք։

Մասնակցության հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թ․ փետրվարի 10-ը ներառյալ ուղարկել ծրագրի ֆեյսբուքյան էջին՝ նշելով անուն-ազգանունը և հեռախոսահամարը։ Մասնակիցների հետ կապը կհաստատվի հետադարձ հաղորդագրությամբ։

Ծրագրի տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ հարկում՝ «Անրի Վեռնոյ» կինոսրահում (հասցե՝ Ամիրյան 26)։

Դասընթացի տևողությունը կազմում է մեկուկես ամիս, և այն կիրականացվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում։ Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցության հավաստագիր։

Հավելյալ տեղեկությունների համար կարելի է զանգահարել +374 55-189-475 հեռախոսահամարով կամ գրել ծրագրի ֆեյսբուքյան էջին։

Back To Top