Համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Լոռու մարզում բացահայտվել է հանցավոր խմբավորում, որը նախապատրաստել էր սպանություններ, կատարել ավազակային հարձակումներ և բնակարանային գողություններ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ խմբի անդամները, լուծելով միմյանց միջև եղած տարբեր անձանց միջանձնային և ֆինանսական խնդիրները, դիմել են այսպես կոչված «քրեական հեղինակության» բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց և մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների հավաքներին ու գործողություններին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, և խմբի անդամներին առաջադրվել են մեղադրանքներ՝ սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով։
Հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել և ձերբակալվել են ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ։ Նրանց բնակության վայրերում, Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խոշորամասշտաբ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ։
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել խմբի 10 անդամի նկատմամբ։ Նախաքննությունը շարունակվում է։