Հունիսի 10-ի գիշերը Գյումրիում տեղացած անոմալ ուժեղ անձրևների և կարկուտի հետևանքով քաղաքի տրանսպորտային համակարգը կաթվածահար է եղել։ Ինտենսիվ տեղումների պատճառով քաղաքի որոշ հատվածներ հեղեղվել են, իսկ ճանապարհները ծածկվել են սառույցով, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել ինչպես քաղաքացիների, այնպես էլ տրանսպորտի համար։
Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյանի խճուղի տանող կամրջի տակի հատվածում։ Այնտեղ սառույցի հսկայական շերտի և ջրի մեծ կուտակումների պատճառով այդ հատվածը դարձել է անանցանելի մարդկանց համար, իսկ երթևեկությունը դեպի այդ ուղղությունը ամբողջությամբ կաթվածահար է եղել։
Գյումրիի քաղաքապետարանի բնակարանային-կոմունալ տնտեսության բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանի խոսքով՝ տեղումների ծավալն աննախադեպ է եղել։ «Կարկուտի և սառույցի շերտի բարձրությունը որոշ վայրերում հասել է մինչև 1,5 մետրի։ Թեև ստորգետնյա ջրատար խողովակները գործել են, սակայն ջրի քանակն այնքան մեծ է եղել, որ ժամանակին ջրի ամբողջական հեռացումն ապահովել պարզապես չի հաջողվել»,- ասել է նա։
Աղետի հետևանքները վերացնելու համար Գյումրիի քաղաքապետարանն ողջ գիշեր աշխատել է արտակարգ ռեժիմով։ Աշխատանքներում ներգրավվել է ողջ անհրաժեշտ տեխնիկան։ Գիշերվա ընթացքում կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները փորձել են հեռացնել սառույցի հաստ շերտը, մաքրել ճանապարհը և վերականգնել տրանսպորտի շարժը։
Ավելի վաղ համացանցում տարածվել էին նաև Ստեփանավանում տեղացած ուժեղ կարկուտի կադրերը։ Նշվում էր, որ կարկուտը տեղացել է մոտ 20 րոպե՝ լուրջ վնաս հասցնելով քաղաքի բնակիչներին։ Այն կոտրել է մեքենաների ապակիները, ոչնչացրել ցանքատարածությունները, վնասել տների տանիքները, արևային պանելները և ոչ միայն։ Գրանցվել է նաև անասունների անկում։ Ստեփանավանի քաղաքապետարանում մինչ այժմ շարունակում են կարկուտի հետևանքների արձանագրումը, որի համաձայն՝ վնասը գնահատվում է բազմամիլիոնանոց։