ՀՀ վարչապետը ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի միջև հանդիպում։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը խիստ կարևոր է։ Վարչապետի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացմանը նպաստում են նման փոխայցելությունները և բարձրաստիճան շփումները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ՆԳ նախարարությունների համատեղ ծրագրերը, որոնք ուղղված են հանցավորության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև երկու երկրների ներքին անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել իր հայ գործընկերների հետ՝ այդ թվում՝ համատեղ ծրագրերի իրականացման հարցերով։ Նրա համոզմամբ՝ այս քայլերը նոր ազդակ կհաղորդեն երկկողմ կապերի ամրապնդմանը՝ ի նպաստ երկու երկրների առջև ծառացած մարտահրավերներին առավել արդյունավետ դիմագրավելու համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցությանն ու հետագա քայլերին վերաբերող հարցերի շուրջ։

Back To Top