Հունիսի 30-ին Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ներքին անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը՝ նշելով, որ այն հասել է աննախադեպ բարձր մակարդակի։
Պաշտոնական հանդիպմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Նա ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և երկարամյա արդյունավետ համագործակցության վրա։ ՆԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։
Սուլխան Թամազաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան՝ Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում։ Նա ընդգծել է, որ բարձր է գնահատում Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները և վստահություն է հայտնել, որ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը շարունակվելու է ամրապնդվել և զարգանալ։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև ընդգծել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանման կարևորությունը։
Ի նշան բարեկամության, Սուլխան Թամազաշվիլին հրավիրել է Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությանը Վրաստան՝ ընդգծելով երկկողմ շփումների կարևորությունը։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերը՝ նշելով, որ փոխայցերը նոր խթան կհաղորդեն համագործակցության ընդլայնմանը։
Հայաստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպումից հետո երկու երկրների նախարարները ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։