Վարչական դատարանի վճռով անվավեր է ճանաչվել «Ալմաստ» ԲԲԸ-ի անվամբ 2006 թվականի մարտի 17-ին կատարված իրավունքի պետական գրանցումը։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հայցադիմումը ներկայացվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից։ Դատարանը բավարարել է պահանջը՝ անվավեր ճանաչելով Կադաստրի կոմիտեում «Ալմաստ» ԲԲ ընկերության անվամբ Երևան քաղաքի Ռուբինյանց 28 հասցեում գտնվող՝ 1296 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Համաձայն հաղորդագրության՝ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողամասը, որի կադաստրային արժեքը կազմում է շուրջ 49 միլիոն 623 հազար դրամ (մոտ 132.000 ԱՄՆ դոլար), կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով։
«Ալմաստ» ԲԲԸ-ն, որը նախկինում հայտնի էր որպես արհեստական ալմաստների և «Ալմաստ» ալմաստե գործիքի արտադրության գործարան, հիմնադրվել է 1964 թվականի ապրիլին։ 2001 թվականի հուլիսին ձեռնարկությունը սեփականաշնորհվել է «Միջազգային բիզնես-կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ի կողմից։ 2009 թվականի մայիսին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է «Ալմաստ» ԲԲԸ-ի (ALMS) 152 բաժնետոմսերի առքուվաճառքի 30 400 դրամի գործարք՝ 200 դրամ միջին կշռված գնով։