Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ժամանակ առ ժամանակ զգում է ժողովրդավարություն տուն վերադառնալու անհրաժեշտությունը՝ համոզվելու և համեմատելու համար իրենց դեմոկրատական բարեփոխումների ընթացքը Եվրոպայի ժամացույցների հետ։
«Մենք ցանկանում ենք համոզվել, որ մեր բարեփոխումների ընթացքը ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ», – նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ պատիվ է համարում ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին Եվրոպական միության և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը։
Փաշինյանը նաև ներկայացրել է նախորդ երկու տարուց ավելի ընթացքում իրականացված հիմնական փոփոխությունները։ Նրա խոսքով՝ 2025 թվականին ընդունվեց և ուժի մեջ մտավ «Հայաստանի Հանրապետության Եվրոպական Միությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին» օրենքը, որը բացում է պատմական նոր փուլ Հայաստանի և ԵՄ հարաբերություններում։
«Այս օրենքը մի նոր խթան է մեզ համար՝ շարունակելու դեմոկրատական բարեփոխումների ընթացքը», – շեշտել է վարչապետը։
Նա նաև նշել է, որ Հայաստանն ու Եվրոպական Միությունը ընդունել են ռազմավարական նոր օրակարգ, որը բարձրացնում է երկու կողմերի միջև հարաբերությունները նոր մակարդակի։ Ներկայումս բանակցություններ են ընթանում վիզաների ազատականացման հարցով։
Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը ստացել է աջակցություն եվրոպական խաղաղության գործիքի միջոցով, իսկ Հայաստանում շարունակում են գործունեություն ծավալել Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունը, որոնց դերը, նրա խոսքով, դժվար է գերագնահատել։
Ընդհանուր առմամբ, վարչապետը նշել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է և տեղի է ունեցել գործադիր, օրենսդիր իշխանությունների և քաղաքացիական հասարակության մակարդակում։ Նա նաև ուրախությամբ արձանագրել է տնտեսական գործակցության բավականին մեծ օրակարգի առկայությունը։