Ինչպես նշված է իմ Facebook-ի էջում, Թեհրանի կողմից առաջարկվող և Մերձավոր Արևելքում ձգձգվող հակամարտության մոդելը կարող է աստիճանաբար խարխլել ԱՄՆ-ի գերիշխանությունը՝ միաժամանակ նպաստելով համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ Չինաստանի ազդեցության ընդլայնմանը։
Այս վերլուծությունը հիմնված է Իրանի ռազմավարական մոտեցման և դրա հետևանքների վրա։ Չնայած ԱՄՆ-ի տեխնոլոգիական և տնտեսական գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է ուղղորդել Վաշինգտոնին դեպի երկարատև և ռեսուրսատար հակամարտություն։
ԱՄՆ-ի ռազմական ռազմավարությունը ավանդաբար հենված է եղել արագ և լոկալ գործողությունների վրա, որոնք նպատակ ունեն կարճ ժամանակում հասնել հիմնական արդյունքների։ Այս մոդելը նվազագույնի է հասցնում քաղաքական և ֆինանսական ծախսերը՝ խուսափելով երկարատև ռազմական ներգրավումից։
Իրանը, սակայն, ընտրել է հակառակ մարտավարությունը։ Նրա հիմնական ուշադրությունը կենտրոնացված է հակառակորդի ռեսուրսների «մաշեցման» և լարվածության աշխարհագրության ընդլայնման վրա։ Օրինակ, Իրանը սպառնալիք է ուղղում կարևոր էներգետիկ ճանապարհի՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ ցուցադրելով իր պատրաստակամությունը օգտագործելու այս գործիքը միջազգային շուկաների վրա ճնշում գործելու համար։
Այս իրավիճակը հատկապես նշանակալից է համաշխարհային էներգետիկ քաղաքականության համատեքստում։ Իրանի կողմից ցուցադրվող պատրաստակամությունը՝ նավագնացության հոսքերի նկատմամբ վերահսկողությունն օգտագործելու որպես ճնշման գործիք, ազդանշան է տալիս նաև էներգիայի դիմաց յուանով վճարումներին անցնելու մասին։ Այս քայլը անուղղակիորեն ամրապնդում է Չինաստանի դիրքերը՝ ստեղծելով այլընտրանքային ֆինանսական համակարգ։
Պեկինի համար այս դինամիկան բացում է լրացուցիչ աշխարհաքաղաքական հնարավորություններ։ Չինաստանը շահագրգռված է ոչ միայն էներգետիկ ուղիների վրա ամերիկյան ազդեցության թուլացմամբ, այլև հումքի վճարման այլընտրանքային համակարգի մշակմամբ։ Պարսից ծոցում աճող անկայունությունը նաև մեծացնում է Եվրոպայի կախվածությունը լոգիստիկ ու ֆինանսական համակարգերից, որոնց զարգացման գործում Չինաստանը ձգտում է ունենալ կարևոր դեր։
Իրանի ռազմավարությունը հենված չէ միայն ռազմական գործիքակազմի վրա։ Հաշվարկվում են նաև արևմտյան երկրներում տնտեսական դժվարությունների աստիճանական աճի հավանականությունը։ Էներգիակիրների գների բարձրացումը կարող է մեծացնել ճնշումը եվրոպական տնտեսություններում՝ արևմտյան քաղաքական համակարգերում ստեղծելով լարվածություն։
Հակամարտության ներկայիս կոնֆիգուրացիան ցույց է տալիս, որ այն ռազմական տրամաբանությունից անցում է կատարում դեպի ավելի բարդ, աշխարհաքաղաքական գործընթաց։ Իրանը ձգտում է դիմակայությունը վերածել երկարատև պայքարի, որի դեպքում էներգակիրները, ֆինանսական մեխանիզմները և տարածաշրջանային դաշինքները դառնում են հիմնական գործիքներ։
Այսպիսով, Թեհրանի կողմից նախանշվող երկարատև հակամարտության մոդելը կարող է աստիճանաբար խաթարել ԱՄՆ գերիշխանությունը՝ միաժամանակ փորձելով ընդլայնել Չինաստանի ազդեցությունը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ։ Մարտի 8-ին Իրանի փորձագետների խորհուրդն Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրել զոհված այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդուն՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին։