Ապարանում նախընտրական քարոզչությանը մասնակցած 4 դպրոցների տնօրենների նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի։ Այս մասին մայիսի 14-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աջափնյակ վարչական շրջանում ընթացող քարոզարշավի ժամանակ։
Նա նշեց, որ խոսքը 4 տնօրենների մասին է, որոնք արդեն ներկայացրել են ազատման դիմումներ։ Ընդ որում, վարչապետը հստակեցրեց, որ նրանք պաշտոնից չեն ազատվի մինչև ծառայողական քննության ավարտը և նրանց գործողություններում խախտումների առկայությունը կամ բացակայությունը պարզելը։
Այս որոշումը կայացվել է այն պահին, երբ «Ականատես» դիտորդական առաքելությունը հիշեցրեց, որ նախօրեին՝ մայիսի 13-ին, Ապարան համայնքում, որտեղ ընթանում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման դեպք էր արձանագրվել։
«Առաքելության դիտորդները տեղում արձանագրել են, որ համայնքի և հարակից բնակավայրերի մի շարք դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները մասնակցել են աշխատանքային ժամերին դասերի ընթացքում կազմակերպված միջոցառմանը։ Առավել մտահոգիչ է, որ ուսուցիչների և տնօրինության անմիջական հրահանգով աշակերտներին դուրս են բերել դասասենյակներից՝ նրանց մասնակցությունը վարչապետի հետ հանդիպմանը և քարոզչական միջոցառմանը ապահովելու նպատակով։ Երեխաներին բաժանվել են դրոշներ, իսկ աշակերտներին նախապես տրվել են հրահանգներ՝ այդ թվում՝ նրանց արտաքին տեսքի, հագուստի և սանրվածքի վերաբերյալ», – նշում է «Ականատես»-ը։
Այսպիսով, դպրոցի տնօրենների կողմից իրենց լիազորությունների և պաշտոնական դիրքի նման չարաշահումը, որը խախտում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը և Ընտրական օրենսգիրքը, ենթակա է խիստ իրավական գնահատականի։