Երևանում մեկնարկել է առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված նվազագույն ինվազիվ թորակալ վիրաբուժությանը

Երևանում մեկնարկել է «Երևանյան թորակալ օրեր 2026. մինիմալ ինվազիվ թորակալ վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության հորիզոններ» անվանմամբ առաջին միջազգային գիտաժողովը։ Միջոցառումը տեղի է ունենում Երևանի բժշկական համալսարանում։

Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 40 առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Շվեյցարիայից, Իսպանիայից, Իսրայելից, Թաիլանդից և Մալայզիայից։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը ներկա են ավելի քան 100 պատվիրակ։

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն թորակալ վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բնագավառի արդիական հարցերը, այդ թվում՝ նվազագույն ինվազիվ և ռոբոտացված վիրաբուժության մեթոդները, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման հնարավորությունները։

Մասնակիցներին կշնորհվի Պետական բժշկական համալսարանի 15 տեսական կրեդիտ։

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել գիտաժողովի նախագահ պրոֆեսոր Շահեն Դանիելյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և թորակալ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Հովհաննես Սարկավագյանը։

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի և Թորակալ վիրաբուժության հայկական ասոցիացիայի կողմից՝ մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Back To Top