Հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեկնաբանել է ընդդիմադիր ուժերի՝ մանդատները վերցնելու և նոր գումարման խորհրդարան գնալու մտադրությունը։
Ըստ դաշնակցականի՝ չորս օր առաջ ընդդիմադիր ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հայտարարել են հայ հասարակությանը հուզող կարևորագույն հարցերի շուրջ իրենց համագործակցության մասին։ Սաղաթելյանը նշել է, որ նման հայտարարությունն ավելին է, քան պարզ համագործակցություն։ Այն նշանակում է, որ համագործակցության օրակարգը պետք է ընդլայնվի, և հիմնական հարցերի շուրջ պետք է մշակվի և ընդունվի «ճանապարհային քարտեզ»։
«Հետևաբար, կարելի է սպասել և հանրահավաքների, և խորհրդարանական ակտիվ քննարկումների», – նշել է Սաղաթելյանը՝ հավելելով, որ հիմնական հարցը այժմ այն է, թե ինչ ուժերի կողմից և ինչ ձևաչափով կիրականացվեն այդ քայլերը։ Նա նաև ընդգծել է, որ այդ գործողությունների արդյունավետության մասին հնարավոր կլինի խոսել միայն ընդդիմադիր ուժերի հետագա գործունեության արդյունքում։
Ընդդիմադիր գործիչը նաև անդրադարձել է ընտրողների առջև պատասխանատվության հարցին։ Նրա խոսքով՝ եթե ընդդիմադիր ուժերը չկատարեն իրենց նախընտրական խոստումները, ապա 500 հազար ընտրող, ովքեր իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, կարող են լուրջ հարցեր առաջադրել։ Սաղաթելյանը նշել է, որ ընտրողների առջև պատասխանատվության հարցը հանրային քաղաքականության հիմնարար սկզբունք է, չնայած գործող իրավիճակին և առկա բոլոր վտանգներին, որոնք, նրա կարծիքով, բավական լուրջ են։
Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր գումարման խորհրդարանում կստանա 64 մանդատ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։