Հայաստանի դատարանը փոխել է ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը։ Ըստ դատարանի որոշման՝ նա կտեղափոխվի մեկուսարանից տնային կալանքի։
Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ համապատասխան որոշումը կայացվել է դատավոր Սարգիս Դադոյանի կողմից՝ Գալստյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության ընթացքում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին Խաչիկ Գալստյանի տանը կատարվել էր խուզարկություն, որից հետո նա ձերբակալվել էր։ Դեկտեմբերի 30-ի դատական որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։ Գալստյանին մեղադրում են նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու համար։ Պաշտպանական կողմը պնդում է, որ իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ։