Հայաստանը խաղաղության և համագործակցության դարպասներ է կառուցում

Ստամբուլում տեղի ունեցած Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը։ Նրա խոսքը կենտրոնացած էր Հայաստանի կողմից ընտրված նոր ուղու վրա՝ խաղաղության, անվտանգության և տարածաշրջանային համագործակցության ուղու։

«Մեծ պատիվ է այս վեհաժողովին դիմել մի թեմայով, որը մեր սերնդի համար բարոյական հրամայական է», – սկսեց իր ելույթը Հասմիկ Հակոբյանը՝ նշելով, որ Հայաստանը մտնում է կայունության նոր դարաշրջան։

Նրա խոսքի հիմնական թեզը Հայաստանի կողմից ընտրված «Իրական Հայաստանի» տեսլականն է, որը հիմնված է երկու հիմնարար սկզբունքների՝ խաղաղության և ժողովրդավարության անշրջելիության վրա։

Հակոբյանը նշեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը, նրա խոսքով, ավելին էր, քան պարզապես կարևոր իրադարձություն։ Այն փոխադարձ ինքնիշխանության հանձնառություն էր՝ ամրագրված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում։

«Այսօր, տասնամյակների ընթացքում առաջին անգամ, արդեն գրեթե երկու տարի է մեր սահմաններին զոհեր չեն եղել։ Զենքերի լռությունը մեր հույսի ամենահզոր ուղերձն է», – շեշտեց նա՝ ընդգծելով, որ խաղաղությունը դառնում է տևական, երբ այն իրական օգուտներ է բերում։

Հայաստանը, իր հերթին, օգտագործում է այդ հնարավորությունը՝ տարածաշրջանը վերածելով հաղորդակցության հանգույցի։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի շրջանակում անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանից բեռնատար գնացքը հասավ Հայաստան Վրաստանի տարածքով՝ 1991 թվականից ի վեր առաջին անգամ։ Հայաստանը պատրաստ է նաև նպաստել Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարանցիկ փոխադրումներին՝ հավատալով, որ փոխկախվածությունը թշնամանքի լավագույն հակաթույնն է։

Հակոբյանը նաև նշեց, որ դիվանագիտությունը թույլ է տվել Հայաստանին ապահովել իր քաղաքացիների վերադարձը գերությունից։

«Մոտենալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ մեր նպատակն է խաղաղությունն ու ժողովրդավարությունը դարձնել անշրջելի։ Մենք հասկացել ենք, որ մեր ճակատագրերը փոխկապակցված են։ Եթե մենք չապահովենք մեր խաղաղությունը, ոչ ոք դա չի անի», – եզրափակեց Հասմիկ Հակոբյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ։

Back To Top