Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է մանրամասն հաղորդագրություն, որը վերաբերում է մերձավորարևելյան իրավիճակի հետևանքով արտերկրում մնացած հայ քաղաքացիների վերադարձի կազմակերպմանը։
Իսրայել
Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ հայ քաղաքացի, որոնց մեծ մասի հետ մշտական կապ պահպանվում է Հայաստանի դեսպանության կողմից։ Մարտի 5-ին Իսրայելի զբոսաշրջության նախարարության կողմից օտարերկրյա քաղաքացիների տեղափոխման հնարավորության մասին տեղեկացումը տարածվելուց հետո դեսպանությունը տեղեկացրել է Իսրայելում մնացած հայերին։ Նրանցից չորսն արձագանքել են՝ նշելով, որ նախընտրում են մնալ երկրում և սպասել «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքի վերսկսմանը։ Իսրայելի համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանող մոտ տասնյակ հայ ուսանողներ չեն դիմել դեսպանությանը՝ վերադարձի համար։
Կատար
Մարտական գործողությունների սկզբից ի վեր Կատարում գտնվող ՀՀ դեսպանատուն 41 հայ քաղաքացու դիմում է ստացել։ Նրանցից 38-ը, որոնք ճամփորդում էին «Qatar Airways»-ի չվերթով, ավիաընկերության կողմից ստացել են կեցության և սննդի բոլոր անհրաժեշտ պայմանները, իսկ երկուսին՝ դեղորայքային օգնություն։ Այս պահին դեսպանատուն կապի մեջ է մնում ևս երեք քաղաքացու հետ, ովքեր նույնպես սպասում են վերադարձի հնարավոր տարբերակների։ Հաղորդվում է, որ դեպի Երևան ուղղված չվերթն այս պահին ներառված է «Qatar Airways»-ի մարտի 9-ի չվացուցակում։
Այլ երկրներ
Դուբայ (ԱՄԷ): Գնդակոծությունների պատճառով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան չվերթը։ Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված չվերթի չորս ուղևոր դիմել են օգնության համար։ Թռիչքը նախատեսվում է տեղական ժամանակով ժամը 15:00-ին։
Մասկատ (Օման): Մարտի 8-ին, ժամը 21:30-ին նախատեսված Մասկատ-Երևան չվերթի համար ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կկազմակերպեն անվճար տեղափոխում ԱՄԷ-ից Օմանի օդանավակայան։
Վիետնամ, Լաոս, Կամբոջա, Ֆիլիպիններ: Այս երկրներում գտնվող հայաստանյան դեսպանությունները ստացել են ընդհանուր առմամբ 12 քաղաքացու դիմում։ Նրանցից չորսը մարտի 7-ին կմեկնեն Հոշիմին-Գուանչժոու-Ալմաթի – Թբիլիսի չվերթով, այնուհետև Թբիլիսիից ավտոմեքենայով կվերադառնան Երևան։ Յոթը՝ մարտի 9-ին կվերադառնան Հոշիմին-Ուրումչի-Երևան չվերթով։ Եվս մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադարձի։
ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է պահպանել կապ ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ապահովելով հայաստանցիների անվտանգ վերադարձը։
Հետադարձ կապի համար:
Իսրայել: +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144
Դուբայ: +971585670993