Հայաստանում ընտրություններն անցկացնելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կստանա 24% աջակցություն

Հայաստանում ընտրություններն անցկացնելու դեպքում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանային ընդամենը 24% աջակցություն։ Այս տվյալը հրապարակվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն։

Հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 1506 քաղաքացի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ, որոնք ներկայումս բնակվում են Հայաստանում։ Տվյալները հավաքագրվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ը հեռախոսային հարցազրույցների (CATI) միջոցով։

Հարցվածների 9 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը կամ Սամվել Կարապետյանին, 3 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, ՀՅԴ-ին և Ռոբերտ Քոչարյանին, իսկ 3 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և Գագիկ Ծառուկյանին։ Ընդհանուր առմամբ, 4 քաղաքական ուժ է ստացել 1 տոկոս ձայն։

Հարցվածների զգալի մասը՝ 30 տոկոսը, դժվարացել է պատասխանել կամ չի կողմնորոշվել, 9 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 8 տոկոսը հայտարարել է, որ չի մասնակցի ընտրություններին, իսկ 5 տոկոսը՝ որ կփչացնի քվեաթերթիկը։

Հարցվածների 20 տոկոսը, որոնք հրաժարվել են մասնակցելուց, դա պատճառաբանել են նրանով, որ չեն վստահում ոչ մի քաղաքական ուժի կամ առաջնորդի։ 13 տոկոսը նշել է, որ իրենց ձայները, միեւնույն է, ոչինչ չեն լուծի, 12 տոկոսը՝ որ չեն վստահում ընտրական գործընթացներին, իսկ 10 տոկոսը՝ որ ընտրությունները հետաքրքրություն չեն ներկայացնում։

Հարցմանը մասնակցության մակարդակը կազմում է 22 տոկոս, իսկ սխալանքը չի գերազանցում +2.5 տոկոսային կետը։

Back To Top