Հայաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է Վեդիի դեպքի վերաբերյալ հանգամանքներ

ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ։

Ինչպես հայտնի դարձավ, 2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Ե.-ն օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք։

Նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ Վ.Ե.-ն իրենց տան բարերարն է և նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել։ Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց։

Ապրիլի 22-ին անչափահաս տուժողի քույրը, ով նույնպես անչափահաս է, ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի ընթացքում իրեն է մոտեցել անծանոթ տղամարդ՝ Արթուր անունով, համոզելով իրեն նստեցրել է ավտոմեքենան՝ դպրոց տանելու նպատակով, սակայն տարել է քաղաքի եկեղեցու ճանապարհին առկա շինության մոտ ու սեռական հարաբերություն ունեցել իր հետ։

Քննչական մարմինը նշում է, որ անչափահաս տուժողն ունի մտավոր խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական ծառայությունների կարիք։ Նախաքննության ընթացքում տուժողը տվել է իրարամերժ, հակասական ցուցմունքներ։ Մի դեպքում նա ընդհանրապես հերքել է որևէ անձի, այդ թվում՝ Արթուրի հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը՝ նշելով, որ տղամարդը չի փորձել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, չի հարվածել և նույնիսկ չի համբուրել իրեն, իսկ դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնել է, որ շուրջ մեկ տարի է, ինչ սեռական հարաբերություններ է ունենում մեկ այլ անձի հետ։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ անչափահաս տուժողի վերաբերյալ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն։ Հարցաքննվել են անչափահասների կողմից մատնանշված անձինք, անչափահասների ընտանիքի անդամները, մանկավարժները, և համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարություններ են տրվել հետաքննության մարմնին։

Քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ անչափահասների վերաբերյալ չճշտված, ինչպես նաև նրանց նույնականացնող տեղեկություններ համացանցում տարածելուց՝ հաշվի առնելով անչափահաս տուժողների լավագույն շահը։

Նշենք, որ Վեդիում նման արտառոց դեպքի մասին ահազանգել էր լրագրող Սյուզի Բադոյանը։ Նրա խոսքով՝ երեխաների նկատմամբ կատարված սեռական բռնության մեջ մեղադրվում են Վեդիի բնակիչ երկու տղամարդիկ՝ 58-ամյա Արթուր Երեմյանը և 65-ամյա Դավիթ Այնազյանը, որոնք ազատության մեջ են։

Back To Top